среда, 25 января 2012 г.

Երջանկություն

  Երջանկություն... Երկա՜ր ճանապարհ է պետք անցնել լիակատար երջանկության հասնելու համար: Բայց արդյո՞ք կարելի է անցնել այդ ճանապարհը: Այնքա՜ն հարցեր են առաջանում այս բառի շուրջ...
  Երբեմն, հիասթափության պահերին, թվում է, թե երջանիկ չեմ, որ ամեն ինչ վատ է, նույնիսկ շատ վատ: Բայց երբ փոխվում է տրամադրությունը, պահը, երբ հնարավորություն է լինում խորը մտածելու, հասկանում եմ, որ երջանիկ եմ, այո՛: Այդ պահին արցունքներ են հոսում աչքերիցս, և դրանք երջանկության արցունքներ են: Ունեմ ընտանիք, սիրող ծնողներ, ընկերներ, զբաղվում եմ ինձ հաճելի բաներով, ազատ եմ ու անկախ: Ուրիշ ի՞նչ է պետք իր 16-րդ ձմեռն ապրող աղջկան, որն ամեն օր լողում է կախարդական շոկոլադի ջրվեժից առաջացած հսկայական համեղ ծովում: Երջանկությու՜ն, դու քաղցր ես, ինչպես անմահական շոկոլադը...
A.M.



воскресенье, 22 января 2012 г.

Ներում չկա...

Դու նորից եկար, դու վերադարձար,
Նորից իմ սերը փորձել ցանկացար,
Նորից իմ սիրտը ինձնից գողացար,
Դու նորից եկար, դու վերադարձար:
Չէ՞ որ դու գիտես, որ սիրում եմ քեզ,
Ինչու՞ ես նորից փորձում ինձ այդպես,
Չէ՞ որ դու գիտես` պատկանում եմ քեզ,
Ինչու՞ ես նորից տանջում խենթի պես:
Դու նորից եկար, դու վերադարձար,
Նորից հույսերս իզուր արթնացան, 
Դու նորից եկար, դու վերադարձար,
Բայց ների'ր` ներել չկարողացա...
A.M.



Արցունքիս մեջ...

Վե'րջ, իմ սերը թաղում եմ ես
Այս մի կաթիլ արցունքիս մեջ,
Թո'ղ գալարվի արցունքը այս,
Իր հետ տանի իմ սերը մեծ:
Էլ չեմ ուզում սիրել ես քեզ,
Էլ չեմ ուզում ապրել այսպես,
Ուզում եմ, որ ազատվեմ ես
Այս ցավերից` տանջող անվերջ:
Ուզում եմ ես մոռանալ քեզ
Եվ չհիշել երբեք-երբեք,
Ուզում եմ էլ չտեսնել քեզ,
Չնկատել երբեք էլ քեզ:
Ուզում եմ, որ հանգիստ թողնես
Արցունքներից խեղդված հոգիս,
Ուզում եմ, որ անհետանաս
Քեզ պատկանող իմ խեղճ սրտից:
Արցունքի հետ, որ հոսում է իմ աչքերից,
Ուզում եմ, որ դու էլ գնաս իմ մտքերից,
Այն սիրո հետ, որ թաղել եմ արցունքիս մեջ,
Հրաժեշտ եմ տալիս և քե'զ, իմ կորած սեր:
A.M.


среда, 18 января 2012 г.

Ժպիտներ...


Հոգեվիճակ

Լռություն...Անափ տարածք,
Անպատասխան սիրո խաբկանք,
Անհյուրընկալ մեծ պտուտան,
Հարցերով լի հսկա տապան...
Աննպատակ մտորումներ,
Անիրական երազանքներ,
Քաոսային գոյատևում,
Երիտասարդ հոգու անկում...
A.M.


Դու ես մեղավոր...

Ընդմիշտ խավարեց հոգուս արևը.
Դու՛ ես մեղավոր...
Սիրտս խոցում է քո մի բարևը.
Դու՛ ես մեղավոր...

Դու՛ ես մեղավոր, որ ճանաչեցի
Այս դաժան կյանքի դառը պահերը,
Դու՛ ես մեղավոր, որ երազեցի
Բոլոր անկատար, զուր հեքիաթները,
Դու՛ ես մեղավոր, որ ես սիրեցի
Եվ որ հասկացա` ինչ է ատելը,
Դու՛ ես մեղավոր, որ ես լռեցի`
Թաքուն պահելով տանջող ցավերը:

Հանկարծ չքացավ դեմքիս ժպիտը.
Դու՛ ես մեղավոր...
Ուրախ զարկերը կորցրեց իմ սիրտը.
Դու՛ ես մեղավոր...
A.M.


* * *

     Խուլ անապատ...Խլացնող անդորր...Անձայն աղմուկ...
  ...Ի՞նչ: Որտե՞ղ: Օ՜, այս դու՞ ես: Նորից բարև, իմ քմահաճ բարեկա՛մ: Ինչպե՞ս ես: Դե իհարկե լավ. պատճառ չունես վատ լինելու, կյանքդ ուրախ է ընթանում: Նե՛րս արի: Նստի՛ր, կխոսենք...
  Այո՛, դու ճիշտ ես... Կյանքը բարդ է: Բայց այն երբեք կանգ չի առնում: Կյանքը մի պտուտան է, որը գտնվում է քաոսային վիճակում: Պետք է ապրել կյանքի ընթացքին զուգահեռ և անտեսել դժվարությունները: 


  Սե՞ր... Ինչ վերաբերվում է սիրուն, ես մի փոքր տատանվում եմ: Երևի երբեք հնարավոր չէ նկատել այն պահը, երբ սկսում ես սիրել: Եվ ես չգիտեմ, թե երբ եմ սիրել նրան: Միայն գիտեմ, որ այդուհետ իմ կյանքը բաժանվեց երկու մասի` նրանից առաջ և նրա հետ (նկատի ունեմ նրան ճանաչելու ժամանակահատվածը): Միշտ մտածում եմ նրա մասին: Երբ չեմ ուզում մտածել, էլի մտածում եմ: Անհասկանալի է...Ամեն ինչ խճճվել է: Ամեն ինչ անցյալն է հիշեցնում: Սա ցնորաբե՞ր է: Երևի այո՛:
  Ի՞նչ: Դու հոգնե՞լ ես: Դե թռի՛ր, գնա՛...սավառնի՛ր ու հիշի՛ր իմ պատմությունը: Ես ազատում եմ քեզ իմ կապանքներից` գտնվելով նրա կապանքներում: Վայելի՛ր երկնքի ազատությունը, ապրի՛ր կյանքը:
  ...Ի՞նչ: Որտե՞ղ: Օ՜, դու արդեն այստեղ չես, իմ հեռավոր բարեկա՛մ...

A.M.

Եթե դու գնաս...

  Դու եկել ես...Դու այստեղ ես...
  Ձմեռ է, ցուրտ է, բայց ջերմություն եմ զգում: Քո ներկայությունը այնքա՜ն հաճելի է, այնքա՜ն ցանկալի: Այս ամենը երազի է նման. թվում է` հիմա կարթնանամ, և ամեն ինչ կավարտվի, կկորչի անդարձ: Եթե սա իսկապես երազ է, ապա ես ուզում եմ միշտ քնած մնալ, չարթնանալ երբեք: 
  Բայց ես վախենում եմ: Ինքս էլ չեմ հասկանում` ինչից: Վախենում եմ: Իսկ եթե գնա՞ս... Ինչ կլինի այդժամ: Ես կգժվեմ: Հաստատ կգժվեմ: Ինչպե՞ս եմ ապրելու` չգիտեմ: 
  Ես շնորհակալ եմ Աստծուն, որ դու կաս, որ եկար... Ու եթե անգամ գնաս, ես չեմ տխրի, չէ որ ես արդեն անցել եմ այդ ճանապարհով և գիտեմ, որ դրանով ոչինչ հետ չես բերի: Ես ուղղակի կշարունակեմ սիրել...Ինքնամոռա՜ց սիրել... Սպասել...Անվերջ սպասել...
  Հիմա ես երջանիկ եմ: Երջանիկ այնքան, որ վախենում եմ իմ երջանկությունից, վախենում եմ այն կորցնելուց, վախենում եմ արթնանալ քնից... 
  ...Չեմ տխրի, գիտեմ, բայց երկինքը կմթնի ակամայից, լուսինը կփախչի գիշերվա գրկից, քամին, շոյելու փոխարեն, կսկսի վայրագաբար ոռնալ, շուրջս անավարտ տերևաթափ կլինի և աշխարհը կհագնի իր հին զգեստը` սև ու սպիտակ մշուշով...Եթե դու գնաս... 
A.M.

    

вторник, 17 января 2012 г.

Ես վախենում եմ...

Ես վախենում եմ մի քիչ մտածել,
Ուղղակի լռել ու ոչինչ չասել,
Աչքերս փակել ու միայն շնչել,
Ես վախենում եմ փոքր- ինչ մտածել:

Ես վախենում եմ մարդկանց ամբոխից,
Նրանց ձայներից ու լռությունից,
Նրանց հայացքից ու խենթ աչքերից,
Ես վախենում եմ այդ գիժ ամբոխից:

Ես վախենում եմ լուռ մենանալուց,
Դատարկ պատերին անվերջ նայելուց,
Մութ ստվերներից անվերջ փախչելուց,
Ես վախենում եմ մենակ մնալուց:

Ես վախենում եմ նոր սեր ճանաչել,
Սիրվել ու հանկարծ անդարձ մոռացվել,
Անչափ նվիրվել ու նորից խաբվել,
Ես վախենում եմ սիրել ու ապրել...
A.M.


Եվ ամեն մի իր քեզ է հիշեցնում...

Դու իմ կողքին չես, սակայն ինձ հետ ես,
Իսկ ավելի ճիշտ` ե'ս եմ միշտ քեզ հետ,
Դու կարծես չկաս, մոռացել եմ քեզ,
Բայց արի ու տես` դեռ քեզ հետ եմ ես:

Ես չեմ սիրում քեզ, չեմ սիրում, գիտե'մ,
Իսկ այս զգացմունքը չունի անվանում,
Բայց ինչ- որ մի բան` շատ պինդ ու կոպիտ,
Ինձ ամուր կապել, հոգիս է խեղդում:

Եվ ամեն մի իր քեզ է հիշեցնում,
Ես քեզ տեսնում եմ ամեն անկյունում,
Անձրևն ու ձյունը քեզ են հիշեցնում,
Նույնիսկ քամին է ինձ քեզ մոտ բերում:

Եվ տեսնում եմ ես բոլոր աչքերում
Քո սև աչքերը` հագեցած մթով,
Եվ անցորդների բյուր հայացքներում`
Քո մութ հայացքը` քողարկված լույսով:

Անգամ այս գետը` անհանգիստ այնքա՜ն,
Քո բերանով է ասես բողոքում,
Նա բարկանում է, զայրույթն է թափում,
Թե ինչու եմ քեզ մոռանալ փորձում:

Եվ միայն  մի բան ինձ հետ է մնում,
Արևը այն պա՜րզ, կապույտ երկնքում.
Իմ արև', իմ սե'ր, ես քե'զ եմ սիրում,
Եվ միայն դու ես իմ սերը կիսում...
A.M.


воскресенье, 15 января 2012 г.

Ժպտա...


Եթե անձրևը չի դադարում պատուհանիդ տակ,

Ժպտա...
Եթե ինչ որ մի բան չի ստացվում,
Ժպտա...
Եթե երջանկությունը ամպերի հետևում է թաքնվել,
Ժպտա...
Եթե նույնիսկ հոգիդ վնասվել է,
Ժպտա...
Եվ կտեսնես` ամեն ինչ փոխվում է...
Ժպտա...
Եվ անձրևը կդադարի ու հողը կծաղկի,
Ժպտա...
Եվ տխրությունը մի կողմ կքաշվի,
Ժպտա...
Եվ հոգիդ նորից կվերապրի,
Ժպտա...
ՈՒ միմիայն ժպտա!!!




воскресенье, 1 января 2012 г.

Արդեն 2012-ն է...

   Սիրելի՛ <<ԱՆԿԵՂԾ ԺՊԻՏ>> բլոգի ընթերցողներ, սրտանց շնորհավորում եմ: Արդեն 2012-ն է: Հուսով եմ՝ բոլորդ հասցրիք երազանք պահել կախարդական րոպեին: Հավատացե՛ք՝ բոլոր երազանքները կատարվում են:
   Թո՛ղ այս տարին լինի խաղաղության, առատության, երջանկության, գեղեցկության ու սիրո տարի: Եվ թո՛ղ մեզ ուղեկցեն առողջությունն ու հաջողությունը: Եթե դեռ չենք հասցրել, ապա թո՛ղ սովորենք սիրել միմյանց: Միայն այդ կերպ մենք կկարողանանք բարեկեցիկ կյանք կառուցել Երկրի վրա, որն այնքա՜ն առատաձեռն է մեր նկատմամբ: Սովորե՛նք պահպանել այն, ինչ ունենք, որպեսզի կարողանանք լրացնել բացերը:
A.M.


ՇՆՈՐՀԱՎՈՐ ԱՄԱՆՈՐ