вторник, 25 августа 2015 г.

* * *

Մի՞թե չես լսում լռության ճիչը…
Այն որոտում է ավելի ուժգին,
Քան կայծակ բերող գժված ամպերը,
Եվ աղմկում է ավելի վարար,
Քան հեղեղներից լցված գետերը…
Լռության ճիչը… Լսու՞մ ես, հոգի՛ս,
Այն քեզ է կանչում, միշտ քեզ է կանչում,
Եվ երբ գոռում է, քո անունով է,
Քո անունով է աշխարհս լցնում…
Տեսնու՞մ ես քամին… ի՜նչ գույներ ունի,
Ծիածանն անգամ լուռ կնախանձեր,
Շոշափի՛ր նրան, տե՛ս՝ թևեր ունի,
Եվ էլ չի թվում անտես ու անձև…
Մի՞թե չես լսում կարոտիս ճիչը,
Որ գիշերն ամբողջ արթուն է մնում,
Որ քեզ անընդմեջ մի երգ է երգում.
Իմ գիշերները քո անունն ունեն…
Աստղերի անսկիզբ-անվերջ քարավան`
Գրկախառնված միայնակ լուսնին…
Դու չգիտեիր ու չես իմանա,
Որ իմ կարոտն էլ քո անունն ունի…
A.M.

вторник, 21 июля 2015 г.

* * *



Մի՛ փորձիր լքել տնակն իմ սրտի,
Այնտեղ լույսերը քեզնով են միշտ վառ,
Եվ մի՛ փչիր զուր սիրուս կրակին,
Մեկ է, չի հանգչի. ուժեղ է, ավա՜ղ…

Ես քեզ ատում եմ, բայց, տե՛ս, կա մի բայց.
Այդ զգացմունքի մեջ սեր կա անսահման,
Հաշված, ամպամած օրերի մեջ թաց
Կա հավերժություն, երջանկության համ…

Մեր կարճ, թռուցիկ րոպեների մեջ
Դարեր են մեռնում, հազար ապրումներ,
Մեր սառն, անտարբեր հայացքների մեջ՝
Հոգիներ ջերմող, ցավալի տենդեր…

Դու իմ գաղտնիքն ես, իմ առեղծվա՜ծը,
Բայց քեզ կիսում եմ ուրիշների հետ,
Իմ սիրելի՜ն ես, իմ հորինա՜ծը,
Բայց չեմ կարող քեզ իմը համարել…
 A.M. 

суббота, 25 апреля 2015 г.

Յուրահատուկ...



Լազուր երկինքս անձրև էր թափում,
Որ ջրեր ծաղկող երջանկությունս,
Կայծակն էլ այնպե՜ս անձայն եր փայլում,
Ասես ժպտում էր ինձ բնությունս…

Գիտե՞ս՝ քո սերը ես չեմ երազում,
Եվ չեմ տառապում անձրևից, ցրտից,
Քո որոտներից ես չեմ վախենում
Ու չեմ թաքնվում ավերակներից:

Նրանք իմ տունն են, իմ օթևանը,
Իմ խաղաղ օրվա խինդն ու ծիծաղը,
Իմ գիշերների մեղմիկ օրորը.
Դրանք էլ քոնն են, ո՛ղջը, բոլո՜րը:

Մի՛ խոսիր: Գիտեմ՝ սիրտդ հեռու է
Եվ չի հանդիպի երբեք իմ սրտին,
Բայց հոգիս հոգուդ հավերժ ընկեր է.
Արևը՝ ձյունին, ձյունը՝ արևին…
A.M.
 

воскресенье, 5 апреля 2015 г.

* * *



Այսօր երկնքից մի աստղ ընկավ,
Ընկավ՝ այլայլված օդը ճեղքելով,
Ընկավ սրտիս մեջ ու հոգիս մտավ՝
Իմ մութ աշխարհը լուսավորելով:


Աստղը պարգև էր, պարգև երկնքից,
Բայց բերկրանքին այդ պատրաստ չէ հոգիս.
Չեմ կարող գամել այդ աստղը սրտիս,
Ընդմիշտ ազատել նրան խավարից...


Ու գիտե՞ս՝ ինչու էլ չեմ վախենում
  Ես ճաշակել եմ համը բաժանման... 
  Մերթ քաղցր է և մերթ դառը անսահման 
  Սև սուրճի նման, որ ես չեմ սիրում...
 
Հիմա մրսում եմ. քամին ուժեղ է,  
Եվ օդում ձյունն է փափուկ օրորվում...  
Իմ սիրո՜ երգը... Այն փառահեղ էր
  Ափսո՜ս՝ բառերը արդեն չեմ հիշում...
A.M.

среда, 7 января 2015 г.

* * *

Մենք իրար գտանք ձմռան մշուշում, 
Բայց իմ հոգու մեջ աշունն էր խշշում,
Ու չհասկացա՝ ինչու այդ պահին
Հանկարծ մեղմացավ ուժասպառ քամին:

Երկինքս նորից աստղերով լցվեց,
Ձմեռվա ցրտին ջերմ արև ծագեց,
Ու հույսի մի շող իջավ իմ սրտին.
Ես հավատացի քո պա՜րզ աչքերին:

Եվ իմ աշխարհը կրկին արթնացավ,
Իմ հրա՜շք ընկեր, դու իմ բարեկա՜մ,
Իմ վիշտը դարձավ անձայն ու անցավ,
Դու իմ հարազա՜տ, իմ ամենալա՜վ:
A.M.