Մի՞թե չես լսում լռության ճիչը…
Այն որոտում է ավելի ուժգին,
Քան կայծակ բերող գժված ամպերը,
Եվ աղմկում է ավելի վարար,
Քան հեղեղներից լցված գետերը…
Լռության ճիչը… Լսու՞մ ես, հոգի՛ս,
Այն քեզ է կանչում, միշտ քեզ է կանչում,
Եվ երբ գոռում է, քո անունով է,
Քո անունով է աշխարհս լցնում…
Տեսնու՞մ ես քամին… ի՜նչ գույներ ունի,
Ծիածանն անգամ լուռ կնախանձեր,
Շոշափի՛ր նրան, տե՛ս՝ թևեր ունի,
Եվ էլ չի թվում անտես ու անձև…
Մի՞թե չես լսում կարոտիս ճիչը,
Որ գիշերն ամբողջ արթուն է մնում,
Որ քեզ անընդմեջ մի երգ է երգում.
Իմ գիշերները քո անունն ունեն…
Աստղերի անսկիզբ-անվերջ քարավան`
Գրկախառնված միայնակ լուսնին…
Դու չգիտեիր ու չես իմանա,
Որ իմ կարոտն էլ քո անունն ունի…
A.M.