среда, 17 декабря 2014 г.

* * *

Ես դեռ սպասում եմ անտես հրաշքի…
Դու չկաս… Դու չես… Ու չկամ և ես…
Կա աշնանային թաց պարահանդես
Ու տերևների գրկախառնություն,
Ճակատագրերի հրավառություն…
Կա դատարկ փողոց, ուր չկան մարդիկ,
Չկան հայացքներ, անկեղծ զգացմունքներ,
Ու չկան հույսեր, որ փուչ են ու սին,
Կա խռովություն, անվերջ սկանդալներ…
Եվ անիմաստ է դարձել ամեն ինչ,
Ու ես՝ առանց քեզ. դատարկվել եմ ես:
Ես փախչում եմ դեռ, բայց ումի՜ց, ինչի՜ց,
Երբ չկա ոչինչ. գժվել եմ կարծես…
Ես չկայի, երբ չկայիր և դու,
Եվ չկամ հիմա, երբ դու էլ չկաս,
Անգամ գիշերը չի սփոփում, իսկ դու…
Դու հեռացել ես, դու չկաս, անհա՜ս:
Չկա աչքերիդ ժպիտը անմեղ,
Եվ հոգիս անվերջ ցավում է անսեր,
Ու չկա արև, և անգամ լուսին,
Սիրտս հանգչում է քո մութ ափերին…
Բայց ես սպասում եմ անտես հրաշքի…
A.M.
 

пятница, 29 августа 2014 г.

* * *



Ա՜խ, իմ աննմա՜ն, դու իմ ատելի՜,

Իմ սարսափելի՜, դու իմ սիրելի՜ …

Դու իմ հարազա՜տ, իմ ամենալա՜վ,

Իմ երանելի՜, իմ որոնելի՜…

Ես ցնորվում եմ, խելագարվում եմ.

Հոգուս աղմուկից անվերջ փախչում եմ,

Նրա անդորրից ես ձանձրանում եմ,

Իմ անձրևներում լուռ խորտակվում եմ…

Դու իմ աչքի լու՜յս, իմ հոգու երա՜զ,

Իմ ճշմարտությու՜ն և իմ մե՜ծ խաբկանք,

Դու իմ լուսավո՜ր, իմ ամենապա՜րզ,

Իմ ազատությու՜ն, իմ հսկա՜ կապանք…

Թո՛ղ հանգրվանեմ քո հեռուներում,

Գրկի՛ր ինձ, սեղմի՛ր, բաց մի՛ թող, հոգի՛ս,

Թո՛ղ որ ծվարեմ սրտիդ խորքերում,

 Ինձ դուրս մի՛ նետիր քո հոգու «բանտից»,

Եվ քո հայացքը դու մի՛ հեռացրու,

Ու մի՛ բաժանիր իմ ձեռքը քոնից,

Իմ սիրող սիրտը դու մի՛ «քարացրու»,

Եվ իմ մեծ սերը մի՛ զատիր քոնից….

Դու իմ երազա՜նք, իմ վե՜հ  նպատակ,

Դու իմ ատելի՜ և իմ սիրելի՜,

Դու իմ վա՜ռ աստղ երկնքում անտակ,
Իմ երանելի՜, իմ որոնելի՜…
А.М.

* * *

Ուշ երեկո էր... Երկինքը հուզվեց,
Եվ երկու կաթիլ նետեց մեզ վրա.
Իմ լիալուսինը մթում խորտակվեց,
Լալիս էր երկինքը, լալիս անդադար...
Մենք խենթ անձրևում պարում էինք լուռ
Լուսամփոփների մեղմ լույսի ներքո,
Եվ մենք գիտեինք, որ վերջինն է սա.
Մի վերջին գիշեր, մի վերջին ցնորք...
Ա՜խ, որոտում էր երկինքը այնպե՜ս,
Եվ ջրհեղեղ էր թափում, ջրհեղե՜ղ.
Հավատա՛՝ հոգուս պատկերն էր կարծես,
Սիրտս ճեղքվում էր, ցավում էր... Անմե՜ղ...
Եվ վերջին անգամ, մի վերջին անգամ
Քո սիլուետն եմ ուղեկցում աչքով
Այս խենթ անձրևում, տխուր գիշերում,
Լուսամփոփների մեղմ լույսի ներքո...
A.M.

* * *

Ների՛ր ինձ, թե ես արժանի չեմ քեզ...
Եվ թող արևը սառցե գունդ դառնա,
Թող որ աստղերը ծովերում լողան,
Եվ թող ծառերը երկնքից աճեն,
Իսկ ծաղիկները ամպերում բացվեն,
Թող որ այս պահին ձյուն տեղա գլխիս,

Գիժ տերևաթափ գարունը դարձնես,
Եվ թող ձմեռը աշնան մեջ խեղդվի,
Եվ... ների՛ր, եթե արժանի չեմ քեզ...
Թող իմ խեղճ սիրտը օվկիանոս դառնա,
Իսկ աչքերիս մեջ արյունը եռա,
Թող փոթորիկը սիրելի՜ դառնա,
Իսկ մեղմ զեփյուռը ջարդի ամեն բան...
Իսկ հոգի՜ս... հոգիս թող որ փշրվի,
Մարմինս հառնի՜, սավառնե՜մ անկար,
Լուսինը դառնա մի գունդ կրակի,
Խավարը գրկեմ. տկա՜ր եմ, տկա՜ր...
Իսկ հիմա... ների՜ր... Ների՛ր անմեղիս,
Ա՜խ, դու մեղավո՜ր, անսե՜ր սիրելիս.
Ոչինչ չեմ ուզում...Միայն կներես,
Եթե ես էլի արժանի չեմ քեզ...

A.M.

 

суббота, 10 мая 2014 г.

* * *

Գիշերը հիմա ինձ երգ է երգում,
Հեքիաթ է հյուսում ինձ իմ անցյալից,
Գարուն օրերի երազն է պատմում,
Աստղեր է թափում ինձ իր երկնքից:

Ինձ հիշեցնում է` դադար է հիմա.
"Նա քեզ չի հիշում, չի տեսնում, չի զգում...",
Բայց ես համառ եմ խավարի նման.
"Նա ինձ հիշում է, և տեսնում, և զգում...":

Գիշերը հիմա աշուն է երգում,
Ուզում է, որ զուր չսպասեմ ամռան,
Իսկ ես գիշերին օրո~ր եմ երգում,
Եվ անվերջ պնդում. "Մի' սպասիր ձմռան":

Իմ մթի~ն գիշեր, հուշերիս ընկե'ր,
Մի' պատմիր ճիշտը, ինձ քա~ղցր ստի'ր,
Եվ մի' երգիր ինձ բաժանման երգեր,
Միայն կնկնի'ր. "Երազի'ր... Ապրի'ր...":
А.М.


суббота, 18 января 2014 г.

* * *

Սիրում ես՝ գիտեմ, սիրում ես անչափ,
Բայց քո սերն ի՜նչ է իմ ծովում անափ,
Ի՜նչ է քո սերը իմ կրակի մեջ.
Քիչ է քո սերը սիրուս դեմ անշեջ...
Քո սերը պաղ է, լուսնի պես անգույն,
Իսկ իմը՝ արև՝ բորբ, կրակագույն...
Քո սերն՝ օվկիանոս առանց փոթորկի,
Իմը՝ փոթորիկ ողջ տիեզերքում...
Քո սերը՝ ցերեկ՝ լուսավոր ու պարզ,
Իսկ իմը՝ գիշեր՝ խավար ու անպարզ...
Քո սերը՝ կարմիր վարդերի մի փունջ,
Իմը՝ բոցավառ վայրի ծաղկեփունջ...
Քո սերը՝ հանդարտ, անաղմուկ, անշարժ,
Իսկ իմը՝ ասես հուժկու երկրաշարժ...
Քո սերը՝ գարուն, ամառվա զեփյուռ,
Իմն՝ աշնան քամի, անձրևոտ խնջույք...
Սիրում ես՝ գիտեմ, սիրում անմոռաց,
Բայց քո սերն ի՜նչ է իմ սիրո դիմաց.
Քո սերն իր տեղն է՝ քո հոգում,սրտում,
Իսկ իմն՝ ամենուր՝ ամեն մի բջջում...
Քիչ է քո սերը իմ սիրո դիմաց... 
A.M.


суббота, 11 января 2014 г.

Խոսուն լռություն

Դու կգտնես ինձ աշխարհի ծայրին...
  Ինչ զարմանալի է աշխարհը. գոյատևում է, չնայած այնքան հալածվում ու արհամարհվում է, ապրում է, չնայած սպանում և ոչնչացնում են նրան: Աշխարհում բոլորը սիրում են կյանքը և ուզում են ապրել: Ապրում են հանուն կյանքի, հանուն ապրելու: Իսկ ես... Ես ապրում եմ հանուն քո սիրով ապրելու: Սակայն ո'չ: Ապրելուս նպատակը ավելի շատ քեզ սիրելն է, քան քո սերը վայելելը: Ես ոչինչ չեմ պահանջում, բայց շնորհակալ եմ, որ սիրում ես, որ կողքիս ես: Շնորհակալ եմ, որ բնակություն ես հաստատել իմ սրտում, որ զբաղեցրել ես իմ հոգում մի մեծ գունավոր անկյուն, որ թափառում ես իմ մտքերում, իմ երազներում, և որ քո հանդեպ ունեցածս սերը ծվարել է իմ մարմնի ամեն մի բջջում: Վայրկյան անգամ չեմ դադարում քեզնով շնչել: Շնորհակալ եմ...
  Ես գիտեմ, որ նման բաները չեն կրկնվում, լինում են մի անգամ և... ճակատագրական: Այժմ այս դողացող ձեռքով ես գրում եմ ճակատագիրը. հիշի'ր, եթե անգամ երկինքն ու երկիրը ավերվեն, եթե արևն իսկ լուսնին հայհոյի, և աստղերը մարեն հավերժ, ես կլինեմ, կլինեմ քեզ հետ, քո կողքին: Մենք կլռենք. խոսքերն ավելորդ են...
A.M.
Клод Моне, "Церковь в Варанжевиле "


* * *

Շնորհակալ եմ քեզ-
Որ դու կաս, և վերջ. պետք չէ էլ ոչինչ...
Շնորհակալ եմ, որ տարածությունն այս`
Կիլոմետրերն այս անթիվ թվացող
Մեզ չեն խանգարում. մենք չենք մոռացվում..
Ես քեզ եմ սիրում, քեզնով եմ շնչում,
Քեզ հետ արթնանում և քեզ հետ մարում...
Շնորհակալ եմ քեզ, որ կաս, իմ արև',
Եվ ցուրտ ձմեռվա այս սառցե բանտում
Ես դեռ չեմ մրսում. ես վառ եմ մնում,
Ինչպես չար քամու դիմաց այն մոմը,
Որ դիմանում է, որ դեռ չի հանգչում...
Շնորհակալ եմ քեզ...
Դու կաս, և այս խելագար, դաժան ամբոխը
Ինձ չի կործանում. ես չեմ խորտակվում-
Ես դեռ լողում եմ իմ խեղճ մակույկով`
Հայացքս հառած այն հեռուներին,
Ուր մի օր պիտի քո առագաստը հանգիստ ծածանվի...
Եվ ես սպասում եմ, ես կարոտում եմ.
Գիտեմ` լռում ես, բայց ինձ լսում ես,
Լսում անգամ այն, ինչ ես չեմ ասում.
Շնորհակալ եմ քեզ...-
Դու ինձ հիշում ես,
Եվ ես ապրում եմ...
A.M.

Клод Моне, "Дама с зонтиком", 1886