суббота, 18 января 2014 г.

* * *

Սիրում ես՝ գիտեմ, սիրում ես անչափ,
Բայց քո սերն ի՜նչ է իմ ծովում անափ,
Ի՜նչ է քո սերը իմ կրակի մեջ.
Քիչ է քո սերը սիրուս դեմ անշեջ...
Քո սերը պաղ է, լուսնի պես անգույն,
Իսկ իմը՝ արև՝ բորբ, կրակագույն...
Քո սերն՝ օվկիանոս առանց փոթորկի,
Իմը՝ փոթորիկ ողջ տիեզերքում...
Քո սերը՝ ցերեկ՝ լուսավոր ու պարզ,
Իսկ իմը՝ գիշեր՝ խավար ու անպարզ...
Քո սերը՝ կարմիր վարդերի մի փունջ,
Իմը՝ բոցավառ վայրի ծաղկեփունջ...
Քո սերը՝ հանդարտ, անաղմուկ, անշարժ,
Իսկ իմը՝ ասես հուժկու երկրաշարժ...
Քո սերը՝ գարուն, ամառվա զեփյուռ,
Իմն՝ աշնան քամի, անձրևոտ խնջույք...
Սիրում ես՝ գիտեմ, սիրում անմոռաց,
Բայց քո սերն ի՜նչ է իմ սիրո դիմաց.
Քո սերն իր տեղն է՝ քո հոգում,սրտում,
Իսկ իմն՝ ամենուր՝ ամեն մի բջջում...
Քիչ է քո սերը իմ սիրո դիմաց... 
A.M.


суббота, 11 января 2014 г.

Խոսուն լռություն

Դու կգտնես ինձ աշխարհի ծայրին...
  Ինչ զարմանալի է աշխարհը. գոյատևում է, չնայած այնքան հալածվում ու արհամարհվում է, ապրում է, չնայած սպանում և ոչնչացնում են նրան: Աշխարհում բոլորը սիրում են կյանքը և ուզում են ապրել: Ապրում են հանուն կյանքի, հանուն ապրելու: Իսկ ես... Ես ապրում եմ հանուն քո սիրով ապրելու: Սակայն ո'չ: Ապրելուս նպատակը ավելի շատ քեզ սիրելն է, քան քո սերը վայելելը: Ես ոչինչ չեմ պահանջում, բայց շնորհակալ եմ, որ սիրում ես, որ կողքիս ես: Շնորհակալ եմ, որ բնակություն ես հաստատել իմ սրտում, որ զբաղեցրել ես իմ հոգում մի մեծ գունավոր անկյուն, որ թափառում ես իմ մտքերում, իմ երազներում, և որ քո հանդեպ ունեցածս սերը ծվարել է իմ մարմնի ամեն մի բջջում: Վայրկյան անգամ չեմ դադարում քեզնով շնչել: Շնորհակալ եմ...
  Ես գիտեմ, որ նման բաները չեն կրկնվում, լինում են մի անգամ և... ճակատագրական: Այժմ այս դողացող ձեռքով ես գրում եմ ճակատագիրը. հիշի'ր, եթե անգամ երկինքն ու երկիրը ավերվեն, եթե արևն իսկ լուսնին հայհոյի, և աստղերը մարեն հավերժ, ես կլինեմ, կլինեմ քեզ հետ, քո կողքին: Մենք կլռենք. խոսքերն ավելորդ են...
A.M.
Клод Моне, "Церковь в Варанжевиле "


* * *

Շնորհակալ եմ քեզ-
Որ դու կաս, և վերջ. պետք չէ էլ ոչինչ...
Շնորհակալ եմ, որ տարածությունն այս`
Կիլոմետրերն այս անթիվ թվացող
Մեզ չեն խանգարում. մենք չենք մոռացվում..
Ես քեզ եմ սիրում, քեզնով եմ շնչում,
Քեզ հետ արթնանում և քեզ հետ մարում...
Շնորհակալ եմ քեզ, որ կաս, իմ արև',
Եվ ցուրտ ձմեռվա այս սառցե բանտում
Ես դեռ չեմ մրսում. ես վառ եմ մնում,
Ինչպես չար քամու դիմաց այն մոմը,
Որ դիմանում է, որ դեռ չի հանգչում...
Շնորհակալ եմ քեզ...
Դու կաս, և այս խելագար, դաժան ամբոխը
Ինձ չի կործանում. ես չեմ խորտակվում-
Ես դեռ լողում եմ իմ խեղճ մակույկով`
Հայացքս հառած այն հեռուներին,
Ուր մի օր պիտի քո առագաստը հանգիստ ծածանվի...
Եվ ես սպասում եմ, ես կարոտում եմ.
Գիտեմ` լռում ես, բայց ինձ լսում ես,
Լսում անգամ այն, ինչ ես չեմ ասում.
Շնորհակալ եմ քեզ...-
Դու ինձ հիշում ես,
Եվ ես ապրում եմ...
A.M.

Клод Моне, "Дама с зонтиком", 1886