воскресенье, 1 сентября 2013 г.

* * *

Եթե շուրթերս չբացվեն հավետ,
Եթե խոսելը ինձ օտար դառնա,
Ծովի ալիքներն ինձ կհասկանան,
Եվ կթարգմանեն իմ սիրտը հուզված:

Եվ երբ դու նայես ծովին ալեհույզ,
Նրա փրփուրին երբ ականջ դնես,
Կլսես հեռվում թույլ ձայնը հոգուս,
Եվ ծովը կերգի. "Ես սիրում եմ քեզ"...
A.M.




* * *

Քնած եմ, բաց չէ՛... Աչքերս եմ փակել,
Արևի շողն է խաղում իմ դեմքին,
Եվ այնքա՜ն ջերմ է, այնքա՜ն հաճելի,
Ասես նայում եմ ես քո աչքերին:

Բայց քո ժպիտն է, քո ժպիտն է սա,
Եվ դու ժպտում ես իմ փակ աչքերին,
Իսկ ես չեմ ուզում աչքերս բացել,
Ես վախենում եմ նայել արևին:

Գիտե՞ս՝ դու շատ ես նման արևին,
Եվ քո ժպիտը՝ շողերին, գիտե՞ս,
Երբ քեզ եմ նայում, արևն ես դու իմ,
Իսկ երբ արևին՝ արևը դու ես...
A.M.


* * *

Գիշեր է... Մութ է... Բայց ես արթուն եմ...
Չգիտեմ ինչու քունս չի տանում...
Լուսնո՞տ եմ, ինչ է... Չէ՛, անհանգիստ եմ...
Պարզապես անվերջ քեզ եմ երազում...
Գիտե՞ս՝ գժվել եմ, հա՛, ցնորվել եմ,
Մի տեսակ ցրված, անփույթ եմ դարձել...
Բայց ես ուղղակի սիրահարվել եմ,
Երեկ էր, այսօր և վաղն էլ գուցե...
Չէ՛, հաստա՛տ, հաստա՛տ, վաղը կարթնանամ,
Ու երբ վարդերի չքնաղ բուրմունքը կզգամ, կհրճվեմ,
Նորից ու կրկին ես կխոստանամ
Ամեն օր էլի քեզ  սիրահարվել,
Քո մութ աչքերի գաղտնիքը կարդալ,
Քո ծով հայացքում խորտակվել, խայտալ,
Քո մատների հետ մատներս հյուսել,
Ու քո ջերմ գրկում անվերջ երազել...
A.M.
 


* * *

Երջանկություն... Հրաշք է՝ գիտեմ,
Եվ հավատում եմ ես հրաշքներին...
Երբ սերն իր ամուր թևերի վրա
Անտակ երկինքն է պահում գիշերվա,
Երբ լուսինը՝ լույս սիրտ ամբողջական,
Աստղերը՝ լույսի հսկա փշրանքներ,
Հոգուս քնարի լարերի վրա
Այն մեղեդին են նվագում անմահ. 
Ես հավատում եմ այս հրաշքներին,
Եվ երջանկությունը հրաշք է՝ գիտեմ:
Հրաշք է նաև, երբ քեզ տեսնելիս
Հոգիս իսկական իր տեղն է թողնում,
Արյունս ասես սառույց է դառնում,
Իսկ երակներս դողում են այնպե՜ս...
Տարօրինակ է, բայց աչքերիդ մեջ,
Աչքերիդ անտակ ծովի ջրերում
Ես ամեն վայրկյան լուռ խորտակվում եմ,
Մեռնում ու ծնվում, ծնվում ու մեռնում.
Հրաշք է՝ գիտեմ...
A.M.